Նունե Սարգսյանը նշանակվեց երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես Bavnews.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:
«Երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի տիկին Սարգսյանին, նա անմիջապես մանկական հիմնադրամին իր աջակցությունը և օգնությունն առաջարկեց: Այնուհետև ես ծանոթացա նրա գործունեությանը, ավելի լավ ճանաչեցի նրան, տեղեկացա, որ մանկագիր է, որի գրքերը շատ հայտնի են և որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով՝ հնարավորություն ընձեռելով այլ մշակույթ կրող երեխաներին կարդալ դրանք,-ասել է Տանյա Ռադոչայը:
– Տիկին Սարգսյանն այն անձանցից է, ով հոգ է տանում երեխաների մասին, փորձում է անել հնարավորը՝ երեխաների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել տիկին Սարգսյանին՝ ստանձնել երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի առաքելությունը՝ այս կերպ միավորելով մեր ջանքերը և կարևորելով այս աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատվի արժանանալու համար: Շնորհավորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում գործունեության 25-ամյակի առթիվ՝ նա ընդգծել է, որ 25 տարի շարունակ մարդիկ նվիրվածությամբ իրենց աշխատանքը, ջանքերն ու եռանդն են ներդրել՝ երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը համամարդկային կառույց է, որը պետք է շարունակի գոյությունը, և դա է պատճառը, որ մենք նրան չպետք է միայնակ թողնենք թե՛ այստեղ՝ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Մենք պետք է համախմբվենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի շուրջը, որպեսզի մանուկներն ունենան երջանիկ մանկություն: Երեխաներն են մեր հարստությունը և ամենամեծ արժեքը»,-նշել է տիկին Սարգսյանը:
Նա կարևորել է երեխաների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ նրանք բոլորը երջանիկ լինելու, ապահով, առողջ մանկություն ունենալու իրավունք ունեն: Տիկին Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է Հայաստանի հեռավոր գյուղերում երեխաների համար պատշաճ որակի կրթության ապահվման հարցը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իմ ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն,-ընդգծել է նա:
-Ես մեծ պատվով կկատարեմ այս՝ երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները: Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են, որովհետև ամեն երեխա արտակարգ է, հրաշք է, տիեզերք է: Ամեն երեխա տաղանդ, ձիրք ունի, միայն խնդրում եմ բոլորին՝ գտեք այդ տաղանդը, փայփայեք այն և զարգացրեք, օգնեք, որ երեխան կատարելագործի այն և հետագայում օգտագործի մեր ազգի, ժողովրդի, հայրենիքի համար: Մեր երեխաները մեր կարիքն ունեն, մենք բոլորս պետք է փորձենք տալ նրանց մեր սերը, մեր գուրգուրանքը և ցույց տալ, որ նրանք միայնակ չեն և գտնվում են մի երկրում, որը կարող է նրանց մասին հոգ տանել ու ապահովել նրանց ապագան»:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հավաստիացրել է, որ իր ջանքերը կներդնի, որպեսզի երեխաներն ունենան առողջ, երջանիկ և ապահով մանկություն: