Մամուլ

Ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է․ չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում․ Արայիկ Հարությունյան

Ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է․ չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ինչ լավ է, հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները նոստալգիկ հիշողոթյունների արդյունքում կրկին միավորվում են: Իրենք իրենց հարց տալիս, իրենք պատասխանում:

Հիմա իմ հերքումից էլ հետո մի ուրիշ խայտառակություն են անում, հարցեր են տալիս մի ժամանակահատվածի համար, երբ իրենց ընկեր Լևոնը եղել է նախարար: Դաշնակցականներ, գնացե՛ք մի հատ հարցրեք, թե ինչու է այդպես ստացվել:

Բայց նույնիսկ, եթե հարցնեք, բան չի կարողանա ասել, որովհետև նրան ոնց ասել են, այնպես էլ արել է: Առանց ընկեր Լևոնին հարցնելու բյուջե էին կտրում, առանց նրան հարցնելու իր իսկ նախարարությունում երրորդ փոխնախարարի հաստիք էին բացում, որ վերահսկեին:

Ժողովուրդ ջան, Ձեզ հարց տվեք` ինչու է սրանց համախմբումը տեղի ունենում: Անհիմն թիրախավորել են ինձ, իմ գործընկերներին, երբեմն նաև իմ ընտանիքի անդամներին: Ու պատճառն այն է, որ քանդվում են «մաֆիոզ» ենթակառուցվածքները, վերահսկողությունը գնալով զրոյանում է համակարգերում:

Ի դեպ, բողոքում եք նախարարության աշխատանքից, ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք: Բայց ի տարբերություն Ձեզ, երբ ուր մտնում էիք, ոհմակային սկզբունքով «չիստկա» էիք անում, ես, որպես պետականություն հարգող մարդ, ինստիտուտը չքանդեցի` հանելով բոլոր ձեր կուսակցականներին:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է: Չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում: Այս օրերին հետևեք հարցազրույցներին, պարզաբանումներին:

Ոչ այս կազմի, այլ ազնիվ ժողովրդի, մեր հայրենակիցների հետ պատրաստ ենք անընդհատ քննարկել և բացատրել մեր դիրքորոշումը»:

Կիսվել