Մամուլ

«Ի՞նչ է Հրայր Թովմասյանն իրեն դրել Հռոմի պապից ավելի կաթոլիկի ու ամենապարկեշտի տեղը, ո՞վ չգիտի նա ով է». Ալեն Սիմոնյան

«Հիմա ի՞նչ է Հրայր Թովմասյանն իրեն դրել Հռոմի պապից ավելի կաթոլիկի ու ամենապարկեշտի տեղը, ո՞վ չգիտի նա ով է: Հիշո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտարարություն եղավ, ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչն ինչ հայտարարեց, որ սա հետապնդում է հերոսի նկատմամբ եւ հերոսի հետ կապված նման բաներն անընդունելի են: Ինձ թվում է, նույն կինոյից է էս ամեն ինչը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց այն քննադատություններին, թե Հրայր Թովմասյանի հորը կանչում են հարցաքննության ու հետապնդում են իրականացնում նրա նկատմամբ:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ում որեւէ մեկը որեւէ օրենք չի խախտել՝ մտածելու բան չունի, ուզում է դա լինի Հրայր Թովմասյանը, թե այլ մարդ: Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ հենց այս շրջանում են իրավապահները նրա ընտանիքի անդամներին հրավիրում հարցաքննության՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մի տարօրինակ բան չկա: Իրավապահները գործում են իրենց լիազորությունների եւ ժամկետների սահմաններում: Թե այդ ժամկետները ինչի հետ ով կկապի՝ դա արդեն անհատական խնդիր է»:

Հրայր Թովմասյանն ասել է, որ չի հեռանալու: Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ ԱԺ-ն դիմում էր ՍԴ, բոլոր հնարավոր ելքերն ու տարբերակները մտածել ու հաշվարկել է, այդ թվում այն, որ կարող է վարույթ չընդունվեր: Ըստ նրա, ակնհայտ է, որ դատական համակարգում, ՍԴ-ում կա ճգնաժամ ու այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է՝ Հրայր Թովմասյանն ուզենա դա, թե չուզենա.

«Հրայր Թովմասյանի ուզենալով չէ: ՀՀ-ում կա օրենք, կա ժողովրդավարություն, կա օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում նույնպես ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչեւ 2030-ը մնալու եմ՝ չմնաց»:

Մեր դիտարկմանը, որ ՍԴ անդամները չեն ընդունում, որ կա ճգնաժամ, ասում են՝ մենք նորմալ նիստերն անցկացնում ենք, ոչ մի ճգնաժամ չկա, դա մտացածին է՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց.

«Ներողություն, ՀՀԿ-ականները չէին ընդունում, որ ընտրությունները կեղծված են, իրենք չէին ընդունում, որ այն ամեն ինչը, ինչից ժողովուրդը բողոքում էր, իրականության հետ կապ ունի: Գոյություն ունեն կողմեր, հետաքրքրված անձինք, որոնք, բնական է, չեն ընդունելու, որեւիցե ամբաստանյալ, ամբաստանյալների մեծ մասը չեն ընդունում, որ իրենք մեղավոր են: Դրա համար դա կոչվում է ճգնաժամ, երբ կա երկու կողմ եւ այդ երկու կողմի կարծիքն իրար բախվում են: Այդ ճգնաժամի մասին ենք մենք այսօր խոսում եւ այդ ճգնաժամի լուծմանն ենք այսօր գնում»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել