Մամուլ

«Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, դարձել ՍԴ նախագահ». Ալեն Սիմոնյան

««Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, դարձել ՍԴ նախագահ: Ոչ մի տարօրինակ բան չկա, իրավապահները գործում են իրենց լիազորությունների և ժամկետների սահմանում, թե այդ ժամկետներն ով ինչի՞ հետ է կապում, դա արդեն անհատական խնդիր է»,- անդրադառնալով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ԱԺ փոխնախագահը նկատել է. «Ակնհայտ է, որ ՀՀ-ում կա ճգնաժամ և դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես ընդունվում է: Կարող եմ ասել, որ այն միանշանակ լուծվելու է:

Հրայր Թովմասյանն ուզենա-չուզենա… իհարկե, իր ուզելով չի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք, կա ժողովրդավարություն, կա օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչև 2030 թվականը մնալու եմ: Չմնաց»:

Ալեն Սիմոնյանը «մնացածին» էլ հորդորեց՝ «անիմաստ գործողություններով աչքի չընկնել»:

«Եկեք չպատմեմ, թե ինչ հայտնի պայմաններից ելնելով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ: Ո՞վ չգիտի: Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, գնացել, դարձել է ՍԴ նախագահ: Սերժ Սարգսյանի համար դրանից առաջ մի հատ Սահմանադրություն է գրել, ապահովել է նրա իշխանությունը, Սերժն էլ նրան տարել, նստեցրել է այդ պաշտոնին: Ո՞վ չգիտի այդ մասին, կամ ո՞վ չգիտի ինչի համար է ստացել այդ պաշտոնը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով