Առավոտից դասի ու սոված եմ եղել․ Դասախոսը՝ քննության ընթացքում խաչապուրի ուտելու մասին․ Տեսանյութ
Առավոտից դասի ու սոված եմ եղել։ ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ուսանողներից մեկը բուհի էլեկտրոնային հասցեին բողոք-նամակ է ուղարկել, որում նշում է, թե համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը քննության ընթացքում խաչապուրի է կերել․
«Մեր դասախոսը քննության ընթացքում չի տիրապետում էթիկայի կանոններին, ուսանողների առաջ քննության ժամանակ խժռում է խաչապուրի, չեմ կարծում , որ այս բուհը նման դասախոսների կարիք ունի։ Եվ ուղարկել են նկարը, որտեղ որ մեր հարգելի գործընկերը այդ գործընթացն է իրականացնում»,- ասաց ռեկտորը
Նշենք, որ համալսարանի շուրջ 70 դասախոսներ որակավորման նոր կարգի հետևանքով մնացել են առանց աշխատանքի և բողոքում են ռեկտորի դեմ:
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև աշխատանքի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Շահնազարյանի հետ, նա նշեց, որ ողջ օրը դասի է եղել, հոգնած է եղել, դասերից հետո էլ գնացել է քննություն անցկացնելու․
« Դեպքը եղավ այն ժամանակ, երբ իրենց նոր կանոնակարգի համաձայն դասերը ավարտվեցին ժամը երկուսն անց հինգ, իսկ քննությունները նշանակված էին ժամը երկուսին, դրա համար ես, բնականաբար, առանց ընդմիջում անելու գնացել եմ քննության։ Ես առավոտից դասի եմ եղել, հոգնած եմ եղել։ Որպեսզի ուսանողներին չսպասեցնենք,որ ես գնամ սուրճ խմեմ, մտա քննության, լաբորանտը սուրճ բերեց։ Ուսանողները քննությունից առաջ վերցնում են տոմսերը և պատրաստվում քննության, որը տևում է մոտ կես ժամ, այդ ընթացքում սուրճը դրված էր, ուղղակի խմեցի այդ սուրճը»։
Շահնազարյանը նաև նշեց, որ կարծում է՝ ռեկտորը դա հրապարակային ասաց զուտ այն բանի համար, որ դրանից առաջ ինքը Հայրապետյանի մասին հոդվածով է հանդես եկել․
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր՝ hraparak.am