Ժամանց

Եթե աղջիկները ծառայեն բանակում, բանակից խուսափող չի լինի. Դավիթ Անանյան

Եթե աղջիկները ծառայեն բանակում, բանակից խուսափող չի լինի։ Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը…

-Վերցնում եմ հեռախոսս՝ տեսնելու  ստացված հաղորդագրությունները։

-Օրն սկսեցիք… 

-Առավոտյան ժամը 6:15-ին:

-Սո՞ւրճ, թե՞ թեյ… 

-Միանշանակ՝ սուրճ՝ մեղր, կարագով:

-Քաղաքականությունը…. 

-Քաղաքագետների պրոֆեսիոնալ գործունեությունն է։

-Հայաստանն այսօր…. 

Մարտահրավերների առջև է կանգնած, որոնց հաղթահարելը մեր սուրբ պարտականությունն է։

– Հայրենիքը…

-Վերանձնային, վերընտանեկան, վերպետական ու էլի շատուշատ «վեր»-երից վեր կանգնած վեհ գաղափար է։ 

-Երազում եք….

-Տեսնել այն, ինչ ցանկանում ենք թողնել մեր զավակներին։

-Վախենում եք… 

-Առանձնապես ոչ մի բանից։

– Կինը/տղամարդը…. 

-Կինը կյանքի շարժիչ ուժն է։

– Աշխատասիրությամբ… 

-Կարելի է ձեռք բերել այն ինչ ի վերուստ տրված չէ։

– Ոստիկանը… 

Հասարակական կարգի պահապանն է։

– Սերը…

-Կյանքի իմաստն է։

– Իր, որը միշտ Ձեզ հետ է…

-Հեռախոս։

– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի….

Այն ինչ գաղտնիք է։

– Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ….

-Հույսը վերջինն է մահանում, իսկ հույսատերը՝ նախավերջինը։

– Մի բան, որ երբեք չեք անի…

-Հանրության դեմ, անիմաստ չեմ պայքարի։

– Ձեր ամենատարօրինակ սովորությունը:

-Մարդկանց (նույնիսկ ոչ հարազատ) ծննդյան օրերն եմ մտաբերում՝ առանց ջանք գործադրելու։

Դավիթ Անանյան

– Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք:

-Սեր, ընտանիք, զավակներ։

– Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները…

-Կինս։

– Գեղեցիկը Ձեզ համար…

-Հոգեվիճակ է։

– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք….

-Կնոջս։

– Կյանքում երբեք չեք ների…

-Դավաճանությունը։

– Ձեր ամենամեծ հիասթափությունը…

-Երբ իմացա, որ Ձմեռ պապի չկա 

– Մի բան, որի համար շատ եք ափսոսել…

-Յոթ որդով սեղան նստելու հեռանկարը չունենալը։

– Երբ բարկացած եք…

-Աշխատում եմ լռել։

– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…

-Ընտանիքս, զավակներս։

– Երբեք չեք փորձի…

-Դավաճանել ինքս ինձ։

– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…

-Հայաստանն է։

– Մի բառով բնորոշեք Ձեզ:

-«Արջ»։

-Երջանկության՝ Ձեր բանաձևը…

-Երջանիկ ընտանիք՝ հզոր Հայրենիքում։

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Չէր լինի այս զարթոնքային իրավիճակը։

-Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Գիշերները կդառնային էլ ավելի անքուն։ 

-Եթե աղջիկները ծառայեն բանակում…

-Բանակից խուսափող չի լինի։

-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին….

-Կյանքը կլիներ գորշ, անհետաքրքիր ու միապաղաղ։

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Տնից դուրս չէի գա, կլինեի ընտանիքիս հետ։

-Այս պահին կուզենայիք…

-Սուրճ խմել կնոջս հետ։

-Եվ վերջում…

-Սա վերջն է առաջին սերիայի:

Աղբյուր՝ armday.am

Կիսվել