Ժամանց

Ճակատագրական ավտովթար՝ անսպասելի ելքով, կամ նախախնամության մատը խառն էր

Որտե՞ղ են ամենից հաճախ մարդիկ հանդիպում իրենց կեսին… Աշխատավայրում, խնջույքի ժամանակ, դպրոցում, համալսարանում, ընկերական միջավայրում, սրճարանում, համացանցում… Տարբերակները շատ են և բազմազան, ցանկը յուրաքանչյուրը կարող է համալրել սեփական փորձով…, երբեմն, այն, ինչ առաջին հայացքից անհաջողություն է թվում, և մտածում ես, որ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, կարող է վերափոխվել ու դառնալ հաջողություն և երջանկության սկիզբ, օրինակ՝ ավտովթարը․․․ Ճակատագրական ավտովթար ․․․

Անին մասնագիտությամբ լեզվաբան է, աշխատում է ՀՀ կառավարությունում, Էդուարդը դեռ ուսանող է, զուգահեռ աշխատում է հայաստանյան ապահովագրական ընկերություններից մեկում։ Ընդհանուր ընկերներ չունեն, դժվար թե երբևէ հանդիպեին, եթե չլիներ փոքրիկ «երջանիկ» ավտովթարը, որը 180 աստիճանով փոխեց երկուսի կյանքը։

«Ես երբեք չեմ հավատացել նախախնամությանը, ճակատագրին, ինչպես ժողովուրդն է ասում՝ որ «լինելու բանը պիտի լինի», բայց այդ միջադեպը փոխեց իմ վերաբերմունքը»,- խոստովանում է Անին՝ հիշելով ընկերուհիներից մեկի հարսանիքը։

Դե, ինչպես ընդունված է, հարսիկը միշտ նետում է իր ծաղկեփունջը, չամուսնացած աղջիկները շարքով, կարգով կանգնում են՝ հավատով, որ հենց իրենք կբռնեն այն և հաջորդ ամուսնացողն իրենք կլինեն։

«Երբեք շարքում չեմ կանգնել, ոչ մի անգամ… Այս անգամ ինձ, բառիս բուն իմաստով, ուժով, հրելով, քաշելով տարան ու կանգնեցրին շարքում»,- խորհրդավոր օրվա մանրամասներն է հիշում Անին և ծիծաղելով պատմում, որ այս անգամ ինքը ոչ թե բռնեց ծաղկեփունջը, այլ այն հարվածեց դեմքին, և Անիին այլ բան չէր մնում, քան բնազդաբար բռնել ծաղկեփունջը։

Հարսանիքի հաջորդ օրը Անին շտապում էր հարսանյաց սրահ՝ վերադարձնելու իր մեքենայում մնացած «սինիներից» մեկը, երբ դա պատահեց․ մեկ այլ կին վարորդ հարվածեց Անիի մեքենային։

«Կարծում էի, թե աշխարհը փուլ եկավ, ինձ այնքան դժբախտ էի զգում, լացում էի, որ աշխատանքից ուշացա, օրս փչացավ, բոլոր գործերս իրար խառնվեցին»,-  պատահարի օրվա էմոցիաներն է վերհիշում Անին։

Այդ օրը Էդուարդի հերթափոխը չէր, այդ ժամին նա չպիտի աշխատեր։ Բայց քանի որ շատ վթարներ էին եղել, Էդուարդը որոշեց օգնել գործընկերներին ու ավելի երկար աշխատել։

«Հասա տեղ, վթարի երկու մասնակիցներն էլ կին էին, մեր հաճախորդը Անին էր։ Պատահարի հետ կապված խնդիր կար՝ ժամկետներ և այլն, հետևաբար, զուտ վթարի տեղում աշխատանքս չավարտվեց, զանգահարում էի Անիին, ինչ-որ հարցեր ճշտում»,- պատմում է Էդուարդը։

Անին, իհարկե, համաձայն չէ Էդուարդի պատմության այն մասի հետ, թե զուտ աշխատանքային պարտականություններից ելնելով էր իրեն զանգահարում․ վստահ է, որ Էդուարդի սրտում սերը առկայծել էր արդեն վթարի տեղում։

Էդուարդ Կարապետյանն ու Անի Ներսեսյանն արդեն նշանադրվել են և նշանակել իրենց ամուսնության օրը՝ նոյեմբերի 1-ին՝ երջանիկ ավտոպատահարի օրը։ Վստահ են, որ եթե երկու սրտեր պիտի հանդիպեն, ապա հանդիպումն անպայման կկայանա՝ անգամ ամենաանսպասելի վայրում ու անցանկալի թվացող իրավիճակում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել