Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։
«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,- Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
Նա հաստատեց նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն ևս։ Խոսքը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին է։ Ըստ ԱԱԾ–ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։
Թե որքան է այս հյուրանոցի գնահատված արժեքը, ԱԱԾ–ն չի հստակեցնում, բայց ինչպես նոյեմբերի 28-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, դրա արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ «Այն պետք է հանել աճուրդի, և փողերը պետք է մուտքագրել պետբյուջե»,– ասել էր Փաշինյանը։
Մեկ այլ քրեական գործով էլ 3 մլրդ 37 մլն դրամ է վճարվել պետական բյուջե։ Թե որ քրեական գործի մասին է խոսքը և ով է վերականգնել չարաշահված գումարը, ԱԱԾ–ն չի հստակեցնում։
Հայտնի է միայն, որ այդ գումարի չարաշահման վերաբերյալ քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը` ներառյալ հարկային պարտավորությունները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։