Մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ. քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործի շրջանակներում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Խուզարկության արդյունքում այնտեղ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:Ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գեւորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրության, «ԱԱԾ-ն ՀՔԾ-ի հետ համատեղ իրականացնում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ ստուգելու հայտնաբերված զենքերը 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին գործադրված լինելու հանգամանքը»: Այսպիսով, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, եւ հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, եւ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը:
Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եւ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է: Բայց նրան մեղադրանք դեռ չեն առաջադրել, համենայն դեպս, այդ մասին չկա պաշտոնական որեւէ տեղեկություն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել նրան, բայց հեռախոսն անջատած էր:Դատելով իրադարձությունների այսօրինակ զարգացումներից` հնարավոր է շատ արագ մեղադրյալների շարքը համալրի նաեւ Աբրահամյանը: Մինչ այդ տարակուսելի է, որ մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ: Ու մեկ փաստ էլ. հետաքրքիր է՝ զինանոցում ինչ գործ ունեն գնդացիրները, դիպուկահար զենքերը. եթե այդ ամենը բանդաներ զինելու, ՀՀ-ում եւ մասնավորապես Արտաշատում ՀՀԿ իշխանություն պահելու համար չէր, ի՞նչու էին հավաքել, պահել այդքան զինամթերք: Ի դեպ, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը Արցախյան պատերազմին չեն մասնակցել»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում