Ո՞ւր է «անհետացել» նախկին ոստիկանապետի թանկարժեք MERCEDES–BENZ G500-ը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ըստ օրենքի պահանջի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, ինչից կարելի է եզրակացնել, որ նախկին ոստիկանապետը չոր աշխատավարձով ու համեստագույն դրամական կարողություններ ունեցող նախկին պաշտոնյա է եղել, ի տարբերություն, ասենք, իր նախորդի՝ Ալիկ Սարգսյանի, ով 12 հողամաս, բնակարաններ, առանձնատներ ու բաժնեմասեր ունի տարբեր փողաբեր բիզնեսներում: Նկատենք, որ Գասպարյանը վերոհիշյալ հայտարարագրում որպես եկամուտ նշել է իր աշխատավարձը՝ 2 մլն 484 հազար 209 դրամ, դրամական միջոցները կազմել են 2 հազար ԱՄՆ դոլար եւ 3 մլն դրամ:
Ոչ մի անշարժ գույք՝ բնակարան, հողամաս և այլն Գասպարյանը չի հայտարարագրել, ընդամենը մեկ շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենա՝ VAZ 21013: Նկատենք, որ հանձնաժողովի կայքում հասանելի են նաև Գասպարյանի՝ սկսած 2011-ից գույքի և եկամուտների, փոխկապակցված անձանց (տարեկան) հայտարարագրերը, որոնցից, սակայն, պարզ չի դառնում, թե պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նախկին ոստիկանապետն ինչ ունեցվածքի տեր է եղել: Մասնավորապես, 2011 թ. հայտարարագրում Գասպարյանը միանգամից 3 թանկարժեք մեքենա է հայտարարագրել, մասնավորպես՝ երկու MERCEDES-BENZ G500 ևմեկ MERCEDES-BENZ G55 AMG: MERCEDES-BENZ G500 մեքենաները Գասպարյանը հաշվետու՝ 2011-ին է ձեռք բերել, որոնցից մեկը՝ 10 մլն, մյուսը՝ 56 մլն 388 հազար դրամով: Իսկ MERCEDES-BENZ G55 AMG-ը նույն տարում օտարել է 48 մլն դրամով: Նրա դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար:
Եկամուտը գոյացել է երկու տարբեր տեղերից ստացված՝ 8 մլն 818 հազար 424 դրամ և 1 մլն 37 հազար 512 դրամ աշխատավարձերից: Որպես նվիրատվություն՝ Գասպարյանը հայտարարագրել է 4 մլն դրամ, ինչպես նաև վերոհիշյալ ավտոմեքենայի օտարումից գոյացած գումարը: Դատելով հաջորդ տարի՝ 2012-ին ներկայացրած հայտարարագրից՝ նա որոշել է հրաժեշտ տալ իր թանկարժեք տրանսպորտային միջոցներից մեկին և 15 միլիոն դրամով վաճառել է MERCEDES-BENZ G500-ներից մեկը, ըստ ամենայնի՝ այն մեկը, որը նախորդ տարի ձեռք էր բերել 10 մլն դրամով: Իսկ թե ինչ է եղել գերթանկարժեք մյուս՝ MERCEDES-BENZ G500-ը, հայտնի չէ, հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պարզ չդարձավ՝ այն օտարվե՞լ է, թե՞ շարունակում է ծառայել տիրոջը, քանի որ այդ մեքենայի ճակատագրի մասին հիշատակում չկա Գասպարյանի հետագա տարիների հայտարարագրերում, այդ թվում և Գասպարյանի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում:
Փոխարենը անհամեմատ էժան VAZ 21013-ի մասին հիշատակում կա, իսկ թե այն երբ է ձեռք բերվել, ևս հայտնի չէ, ենթադրաբար՝ 2011-ից առաջ, քանի որ նախկին ոստիկանապետը, ինչպես արդեն նշեցինք, հենց այդ թվականից սկսած է ներկայացրել իր հայտարարագրերը: Ենթադրում ենք, որ խնդրո առարկա «Մերսեդեսի» «անհետացման» մասին Գասպարյանն Էթիկայի հանձնաժողով համապատասխան պարզաբանում է ներկայացրել կամ նոր է պատրաստվում ներկայացնել:
Նկատենք, որ Գասպարյանը անկախ Հայաստանի պետական համակարգ ոտք է դրել 1993-ին և մինչեւ 1996-ը եղել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։ Այնուհետ եղել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, պաշտպանության նախարարի տեղակալ: Փաստորեն, ՊՆ-ում աշխատած շրջանում Գասպարյանի գործերն այնքան լավ են եղել, որ մեկ տարվա մեջ նա մի քանի միլիոնանոց առքուվաճառք է իրեն թույլ տվել: Մնում է պարզել նաեւ՝ Գասպարյանը որտե՞ղ է բնակվում, եթե որևէ բնակարան չի հայտարարագրել, և արդյոք նա ևս անտուն, բայց մեծատուն՝ հարուստ պաշտոնյաների թվի՞ն է դասվում: Ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի՝ նա և նրա տիկինը՝ Սուսաննա Գասպարյանը, հաշվառված են Թումանյան փ. 39 9 հասցեում: Ի դեպ, տկն Գասպարյանը IZH 2715 մեքենա ունի, որը ձեռք է բերել 2014-ին՝ 15 մլն դրամով: NISSAN PATROL 5.6-ն էլ նույն տարում օտարել է 10 մլն դրամով: Ս. Գասպարյանն իր 2017 թ․ հայտարարագրում, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 30 մլն դրամ, 24 հազար եվրո եւ 18 հազար դոլար: Տիկնոջ եկամուտը գոյացել է աշխատավարձից, որը կազմել է 3 մլն 327 հազար 534 դրամ: Փաստորեն, դրամական միջոցների առումով նախկին ոստիկանապետի կինն ամուսնուց հարուստ է:
Ավելի մանրամասը՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում