«Ինձ մի՛ խղճացեք». Էմմիի հուզիչ գրառումը մոր մահվանից հետո
Երգչուհի Էմմին Instagram-ի իր էջում հրապարակել է ծնողների լուսանկարը, որին կից հուզիչ գրառում է կատարել.
«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը երբեք էգոիստ չեմ եղել։
Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են և, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով։
Իմ պահապան հրեշտակներն են։ Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թև ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն և նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։ Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարևաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։
Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։ Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է՝ «Նադե՛ժդա, վերադարձի՛ր իրական կյանք»։ Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետև դուք եք ինձ ստեղծել։
Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երևանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն հենց ձեզանով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա, հենց այս բեմից, կանգնած ասում եմ՝
Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։
Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։
Նադեժդա Սարգսյա՜ն
Դավիթ Բեջանյա՜ն»