Չորս Նարեկ, մեկ վարկած․ ի՞նչ է թաքնված բանակային մահերի հետևում
Hraparak-ը գրում է․ «Անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցված ողբերգական միջադեպերի լրահոսին հետևողները չէին կարող չնկատել մի տարօրինակ ու ցավալի համընկնում։
Տարբեր ամիսների, տարբեր զորամասերում մահացած զինծառայողների մասին պաշտոնական հաղորդագրություններում պարբերաբար կրկնվում էր միևնույն անունը՝ Նարեկ, իսկ դեպքերի մեծ մասում պաշտոնական վարկածները կրկին տեղավորվում էին արդեն սովորական դարձած «ինքնասպանության» տրամաբանության մեջ։
Թվերը խոսուն են ու մտահոգիչ. 2026 թվականի ընթացքում զինվորական ծառայության ընթացքում կյանքից հեռացած միանգամից չորս զինծառայող կրել է այս անունը։ Ու եթե առաջին դեպքը որակվեց որպես սպանություն, ապա հաջորդ երեք դեպքերում էլ նախաքննական մարմինները ողբերգությունը տեղավորեցին ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու վարկածի շրջանակում։
Տարվա սկզբից մինչև աշնան վերջ այս ողբերգությունները հաջորդեցին միմյանց՝ թողնելով ծանր հարցականներ։ Ամեն ինչ սկսվեց փետրվարի 26-ին, երբ զորամասում հրազենային կրակոցից մահացավ 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանը, ինչի առթիվ հարուցվեց սպանության գործ։
Սակայն ընդամենը մեկուկես ամիս անց՝ ապրիլի 14-ին, հանրությունը ցնցվեց Նարեկ Արշակի Հակոբյանի մահվան լուրով. այս անգամ քրեական վարույթը նախաձեռնվեց արդեն զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Ամռան կեսին՝ հուլիսի 21-ին, մահացած հայտնաբերվեց 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը։
Վարկածը կրկին նույնն էր՝ հարուցվեց քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, որի շրջանակում կալանավորվեցին նրա ծառայակիցներից երկուսը։ Իսկ տարվա վերջին շրջանում՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական շղթան շարունակվեց Գեղարքունիքում, որտեղ մահացած հայտնաբերվեց Գավառից 19-ամյա պայմանագրային զինծառայող Նարեկ Բադալյանը։ Պաշտոնական նախնական վարկածը կրկին անփոփոխ էր՝ ինքնասպանություն։
Առաջին հայացքից նույն անունը կրող չորս երիտասարդների մահը կարող է թվալ ճակատագրական զուգադիպություն։ Վիճակագրական առումով դա ունի իր պարզ բացատրությունը. 2000-ականների կեսերին, երբ ծնվում էին այս տղաները, «Նարեկ» անունը Հայաստանում ամենատարածվածներից էր, և այսօր հենց այդ սերունդն է կազմում բանակի հիմնական կորիզը։
Սակայն եթե անունների համընկնումը կարելի է վերագրել վիճակագրությանն ու պատահականությանը, ապա նույնը դժվար է ասել բոլոր դեպքերին հաջորդող պաշտոնական ձևակերպումների մասին։ Երբ տարբեր զորամասերում, տարբեր կարգավիճակ ունեցող զինծառայողների՝ թե՛ ժամկետայինի, թե՛ պայմանագրայինի մահվան դեպքերը հերթականությամբ տեղավորվում են ինքնասպանության սցենարի մեջ, հանրության մոտ օրինաչափորեն առաջանում է երկու հարց. արդյո՞ք սա խորքային ներբանակային խնդիրների ու հոգեբանական ճնշումների հետևանք է, թե՞ պարզապես ամենահարմար նախնական ձևակերպումը, որով փորձ է արվում փակել դեպքի այլ հանգամանքների մասին խոսակցությունները։
Անվան այս կրկնությունը կարծես թե մեկ ընդհանուր դիմանկարի մեջ է միավորում տարբեր զորամասերում տեղի ունեցած ողբերգությունները՝ թույլ չտալով, որ դրանք կորչեն պաշտոնական չոր ամփոփագրերի տողատակերում։
Երբ մեկ տարվա ընթացքում միևնույն անունը կրող չորս երիտասարդ կյանքից հեռանում է զինվորական ծառայության ընթացքում, խնդիրն այլևս պատահականության դաշտում չէ։ Խնդիրն այն համակարգային միջավայրի մասին է, որտեղ 19-20 տարեկան տղաները մնում են անպաշտպան, իսկ յուրաքանչյուր ողբերգությունից հետո հանրությանը մատուցվում է արդեն սովորական դարձած նույն բացատրությունը։
Անունները կարող են համընկնել, վարկածները՝ կրկնվել, բայց յուրաքանչյուր դեպքի իրական պատճառների բացահայտման պատասխանատվությունը մնում է կոնկրետ և անփոփոխ։»


