Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դատարան են դիմել․ ի՞նչ է հայտնի

Hetq.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

. «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

. «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։

. «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

. «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։

Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին։ Մասնավորապես, նշվել է, որ այցերը հիմնականում գաղտնի են մնացել, և անհայտ է եղել դրանց նպատակը։ Շվեյցարիայի բանկային գաղտնիքին անդրադառնալուց հետո հրապարակման մեջ տեղ է գտել նաև Կենտրոնական բանկի աշխատակցին վերագրվող հետևյալ խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։

Հրապարակման մեկ այլ հատվածում նշվել է. «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Նիկոլ Փաշինյանը նշված տեղեկությունները համարում է ամբողջությամբ զրպարտչական, կեղծ և իրականությանը չհամապատասխանող։

Հայցվորը պահանջում է, որ Աննա Գևորգյանը հերքումը հրապարակի իր այն ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել էր վիճարկվող հրապարակումը։ Նույն պահանջն է ներկայացվել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի դեմ՝ հերքումը պետք է հրապարակվի վիճարկվող նյութը տարածած լրատվական կայքով և ֆեյսբուքյան էջով։

Երկու պատասխանողներն էլ, ըստ հայցապահանջի, պետք է հերքումը հրապարակեն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեղակայումը, ձևավորումը, տառատեսակն ու չափը չպետք է զիջեն վիճարկվող հրապարակմանը։ Հերքումը պետք է պարունակի բացառապես պահանջվող տեքստը՝ առանց պատասխանողների կամ երրորդ անձանց որևէ հավելման կամ մեկնաբանության։

Հայցի մյուս պահանջով Նիկոլ Փաշինյանը պատասխանողներից՝ Աննա Գուրգենի Գևորգյանից և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ից, համապարտության կարգով պահանջում է բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ» ։

Կիսվեք ձեր էջում