Մամուլ

ՆԳՆ նախարարը նոր մանրամասներ է հայտնել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ ոստիկանության արձագանքը եղել է օպերատիվ։ Նա պարզաբանումներ է ներկայացրել նաև այն քննադատությունների վերաբերյալ, թե ոստիկանության աշխատակիցը ուշացումով է ժամանել դեպքի վայր։

Նախարարի խոսքով՝ միջադեպի պահին տվյալ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին։ Զանգի ընթացքում տուժողը միայն հակիրճ է հայտնել կատարվածի մասին՝ չներկայացնելով իրավիճակի մանրամասները։

Սարգսյանը նշել է, որ հեռախոսազրույցից ոստիկանի համար դժվար է եղել հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի վերաբերյալ։ Չնայած դրան՝ վերջինս անմիջապես դուրս է եկել իր բնակության վայրից և մոտ տասը րոպեի ընթացքում հասել դեպքի վայր, սակայն այդ պահին միջադեպն արդեն տեղի ունեցած է եղել։

Նախարարի ներկայացմամբ՝ դեպքի վայր հասնելուց հետո ոստիկանը, տուժողի որդու ներկայությամբ, կապ է հաստատել 112 օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։ Դրանից շուրջ տասը րոպե անց կենտրոնի ծառայողները նույնպես ժամանել են դեպքի վայր։

Արփինե Սարգսյանի գնահատմամբ՝ ոստիկանության ծառայողները ստեղծված իրավիճակում գործել են պատշաճ օպերատիվությամբ։ Նա ընդգծել է, որ ոստիկանի ուշ ժամանելու վերաբերյալ հնչեցված պնդումների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներն արդեն ներկայացվել են։

Լրագրողները նախարարից հետաքրքրվել են նաև, թե ինչու կանխարգելիչ քայլեր չեն իրականացվել ավելի վաղ, եթե իրավասու մարմինները տեղեկացված են եղել ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ բարձրացված հարցին վարչապետն արդեն մանրամասն անդրադարձել և համապատասխան պարզաբանումներ է տվել։

Կիսվեք ձեր էջում