Սանահինի խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 6 վիրավոր․ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Սանահինի խաչմերուկի մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները մեծ դժվարությամբ վիրավորներին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


