Մամուլ

Իսակովի պողոտայում վթարի հետևանքով մեքենաները բախվել են բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Հովհանես Բ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Արմեն Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատ Ղ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն, ապա՝ ճանապարհային երթևեկության համար նախատեսված ցուցանակին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Hyundai Elantra»-ի վարորդին և ուղևորներին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ միասին ուղղել «Hyundai Elantra»-ն և լվացել ճանապարհը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում