Մամուլ

Կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում

ԱՄՆ բանակում գնդակահարության միջոցով մահապատիժը 90 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է իրականացվել հրապարակային։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Խոսքը Նիդալ Հասանի մասին է, որը դատապարտվել էր 2009 թվականին Ֆորտ Հուդի ռազմաբազայում 13 մարդու սպանության համար։ Հեգսեթի խոսքով՝ Հասանը մահապատժի կենթարկվի գնդակահարությամբ, և իշխանությունները կապահովեն, որ մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու այն։ «Նա մահապատժի կենթարկվի գնդակահարությամբ։ Ինչպես և պետք է լիներ։ Մենք հոգ կտանենք, որ մարդիկ կարողանան տեսնել դա։ Որպեսզի դա հրապարակային լինի։ Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման բան անելու համար կան դաժան հետևանքներ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ըստ Axios-ի։

Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին՝ Ֆորտ Հուդում։ Այն կլինի ԱՄՆ-ում ռազմական առաջին մահապատիժը 1961 թվականից ի վեր, իսկ ԱՄՆ բանակում գնդակահարությամբ իրականացվող առաջին մահապատիժը՝ 1945 թվականից ի վեր։ Պենտագոնը դեռևս չի ներկայացրել մահապատժի հեռարձակման ձևաչափի վերաբերյալ մանրամասներ։ Միևնույն ժամանակ, Associated Press-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունը քննարկում է միջոցառումը ուղիղ եթերում հեռարձակելու հնարավորությունը։

Նշենք, որ ԱՄՆ-ում հրապարակային մահապատիժներ չեն իրականացվել 1936 թվականից ի վեր։ Հասանի մահապատժի որոշումը հավանության էր արժանացրել անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Կիսվեք ձեր էջում