Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայում գտնվող դպրոցներից մեկի մոտ և դիմել փախուստի․ կան վիրավորներ
Թուրքիայի Մանիսա նահանգի ավագ դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ աշակերտներ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ հարձակվողին հաջողվել է փախչել։
«NTV» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինված հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, Թուրգութլու շրջանի «Ինջի Ուզմեզ» լիցեյի շենքի առջև։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը, դեռևս չպարզված պատճառներով, անկանոն կրակ է բացել ուսումնական հաստատության մոտակայքում։
Կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնց թվում աշակերտներ կան։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Հարձակումից հետո կրակողը դիմել է փախուստի։ Իրավապահ մարմինները նրան ձերբակալելու համար հատուկ գործողություն են սկսել։
Միջադեպի մասին լուրերի տարածվելուն պես աշակերտների ծնողները շտապել են դպրոց։ Երբ նրանք փորձել են ներս մտնել շենքի տարածք, քաշքշուկ է սկսվել նրանց և տեղում անվտանգությունն ապահովող ոստիկանների միջև։
Ուսումնական հաստատության շուրջ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել տեղում։


