Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ ինչ է հայտնի
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետին․ չի բացառվում, որ քննության ընթացքում այլ բացահայտումներ ևս լինեն։
Օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին։
Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։
Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։ Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։
Իրավապահները, ձերբակալելով զորամասի գումարտակի շտաբի պետին, չեն բացառում նրան կալանավորելու համար միջնորդություն ներկայացնել դատարան։
Հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։
Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։
Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։
Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն էր։
Իրավապահները պարզել էին, որ «Գազ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը անգամ վարորդական վկայական չի ունեցել։
Մեր հրապարակումից անմիջապես հետո նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, հայտնեց, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը)։Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։
Եվ ահա դատարանը որոշել է կալանքի տանել գումարտակի շտաբի պետին։


