Համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի վնասվածքով տեղափոխվել է Երևան
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հովիկ Բաղդասարյանի համերգի ժամանակ, տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Աշոտ Մադաթյանը ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան։ Այս մասին պատմում է նրա մայրը՝ 41-ամյա Ռուզաննա Թարփոշյանը՝ նշելով, որ տղան համերգին եղել է ընկերների հետ։
Մոր խոսքով՝ համերգին իրենց ընտանիքի անդամները ևս ներկա են եղել։ Երիտասարդները պարել և ուրախացել են ընկերների հետ, իսկ միջոցառման ընթացքում նրանց հետ է եղել նաև Ռուզաննայի հորաքրոջ թոռը՝ 16-ամյա Ավետիք Սիմոնյանը։
«Ավետիքը իրեն վատ է պահում, անընդհատ նեղացնում է մյուսներին, վատ խոսքեր է ասում։ Երկու եղբայրները և նրանց ընկերը որոշում են նրան տուն ուղեկցել, որպեսզի որևէ փորձանք չլինի։ Տուն հասնելուց հետո որդիս՝ Աշոտը, բարձրանում է աստիճաններով և հարազատին խնդրում, որ Ավետիքը պահեն տանը, մի փորձանք չբերի»,– պատմում է մայրը։
Նրա խոսքով՝ այդ պահին 16-ամյա տղան դուրս է եկել և հարվածել իր 18-ամյա որդու գլխին։ Մայրը նշում է, որ իրենք չեն կարող հստակ ասել, թե ինչ առարկայով է հարվածը հասցվել։
«Չգիտենք՝ ինչով է հարվածել։ Տարբեր վարկածներ են ասում․ մեկը ասում է՝ մահակ է եղել, մյուսը՝ կացին, երրորդը՝ այլ առարկա։ Բայց հարվածը ծանր է եղել, որովհետև մեկ հարվածից տղաս ստացել է դեմքի բազմակի կոտրվածքներ և կորցրել է գիտակցությունը»,– ասում է նա։
Դեպքից հետո շտապօգնություն են կանչել։ 18-ամյա երիտասարդին նախ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ մոր, արձանագրել են բազմակի կոտրվածքներ և անհրաժեշտ են համարել նրան տեղափոխել Երևան։
Երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոր խոսքով՝ նա առաջին երկու-երեք օրերը եղել է վերակենդանացման բաժանմունքում։
«Դեմքը շատ վնասված էր։ Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները մեզ մոտ կան։ Բժիշկներն ասել են, որ վնասվածքը լուրջ է, նաև աչքի հատվածում խնդիրներ կան»,– նշում է մայրը։
Ընտանիքը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։ Մոր խոսքով՝ դեպքի գիշերը երիտասարդի ընկերներից մեկին և իր ամուսնուն տեղափոխել են ոստիկանություն և հարցաքննել։
Միաժամանակ, ընտանիքը պահանջում է ուսումնասիրել դեպքի վայրի տեսախցիկների հնարավոր տեսագրությունները։ Մոր խոսքով՝ դեպքի վայրի հարևանությամբ կան բանկ, հյուրանոց և այլ շինություններ, որտեղ տեղադրված են տեսահսկման համակարգեր։
«Մենք պահանջել ենք, որ գոնե տեսախցիկների տեսագրությունները վերցնեն և ուսումնասիրեն։
Այնտեղ շատ տեսախցիկներ կան։ Կա բանկ, հյուրանոց, այլ շինություններ։ Համոզված ենք, որ որևէ տեսախցիկ կարող էր արձանագրել՝ ինչ է տեղի ունեցել, ով է մտել տարածք և ինչ է կատարվել»,– ասում է նա։
Մայրը նաև նշում է, որ դեպքից երեք օր անց 16-ամյա տղան ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի իր վարկածը։ Ըստ մոր փոխանցածի՝ նա հայտնել է, թե երեք ընկերներով իրեն հարվածելու փորձ են արել, ինքը փախել է, մտել տուն, իսկ հետո նրանք եկել են իր հետևից, ինչից հետո ինքը պաշտպանվել է։
Ընտանիքը, սակայն, չի ընդունում այդ վարկածը և պահանջում է օբյեկտիվ քննություն՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները։
Մոր խոսքով՝ ինքը և իր ընտանիքը 16-ամյա տղայի ընտանիքի հետ նախկինում լուրջ խնդիրներ չեն ունեցել, թեև որոշ ժամանակ առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Նա նաև պնդում է, որ դեպքից հետո 16-ամյա տղան ազատության մեջ է և, իր խոսքով, ընտանիքի անդամների նկատմամբ սադրիչ վարք է դրսևորում։
«Մենք չենք ուզում որևէ մեկի հետ վիճաբանել կամ խնդիր ստեղծել։ Մենք միայն ուզում ենք, որ պարզվի՝ ինչ է եղել, ինչով է հարվածել տղայիս և ինչու է մեկ հարվածի հետևանքով նման ծանր վնասվածք ստացել։ Եթե տեսախցիկներ կան, թող ուսումնասիրեն, եթե կան վկաներ՝ հարցաքննեն»,– ասում է նա։
Մայրը նշում է, որ իրենց համար անհասկանալի է նաև այն հանգամանքը, թե ինչ փուլում է գտնվում քննությունը։
«Արդեն բավական ժամանակ է անցել։ Երբ զանգում կամ մոտենում ենք, ասում են՝ գործը ընթացքի մեջ է։ Բայց մենք որևէ առաջընթաց չենք տեսնում։ Մենք ուզում ենք պարզապես հասկանալ՝ ինչ է կատարվում»,– ասում է նա։
Ընտանիքի հիմնական պահանջը մեկն է՝ ամբողջությամբ պարզել դեպքի հանգամանքները, ուսումնասիրել առկա տեսագրությունները, պարզել հարվածի պատճառը և օգտագործված առարկան, ինչպես նաև իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։
Տեսանյութը ստորև․


