Փլուզում Երևանում․ 2 քաղաքացի 5-րդ հարկից ընկել են 4-րդ հարկ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեում 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկներ և փրկարարները։ Տեղում պարզվել է, որ թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա։ Փրկարարները ավտոսանդուղքի միջոցով երկու քաղաքացու դուրս են բերել վտանգավոր հատվածից։
Նրանք տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տուժածներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն։
Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները, տարածքը սահմանազատվել է։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն Քննչական կոմիտե։
Բնակիչների խոսքով՝ շենքը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, իսկ պատշգամբների անմխիթար վիճակի մասին իրենք բազմիցս ահազանգել են։ Նրանց պնդմամբ՝ պատշգամբները հիմնանորոգելու փոխարեն նախկինում միայն ներկման աշխատանքներ են իրականացվել, ինչի հետևանքով խնդիրը չի լուծվել։
Տեսանյութը ստորև․


