ՄամուլՏեսանյութ

«Տղաս ուրախ, բարձր տրամադրությամբ տանից դուրս էր եկել, դիակը բերեցին»․ ծեծկռտուք նիստերի դահլիճում

Արամուսում մեկ օրում չորս անձի սպանության գործով դատական նիստն այսօր կայացել է լարված մթնոլորտում։ Մեղադրյալի աթոռին է փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված Թադևոս Հովակիմյանը, որը, թեև, ըստ փորձաքննության, արդեն 10 տարի է ունի հոգեկան առողջության խնդիրներ, նույն ժամանակաշրջանում «հաջողել» է ձեռք բերել զենքի թույլտվություն և զենք։

Այսօրվա դատական նիստում, ինչպես արդեն հայտնել ենք, պետք է որպես վկա հարցաքննվեին մեղադրյալի ազգականները, ովքեր իմացել են, որ Հովակիմյանը ենթադրաբար հոգեկան առողջության խնդիրներ կարող է ունենալ, ավելին, Հովակիմյանի ընտանիքում ևս առկա են եղել նման խնդիրներ ունեցող անձինք, միևնույն ժամանակ, իմացել են Հովակիմյանի՝ զենք ունենալու հանգամանքի մասին։ Հարցաքննությունը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Մեղադրյալի կնոջ, մոր և մյուս ազգականի՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործելուց հետո իրավիճակը լարվեց, հատկապես, երբ Հովակիմյանը, տեսնելով կնոջը, որոշեց «ոգեշնչել»՝ ասելով․ «ինչ էլ լինի՝ մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի»։ Չորս անձի սպանության մեջ մեղադրվող Հովակիմյանի շուրթերից հնչեցված այս արտահայտությունն էլ հունից հանեց տուժողների ազգականներին,- «Մի տանից երկու մարդ ես սպանել․․․»,- ի թիվս այլնի նաև այսպես արձագանքեցին ազգականները, սկսվեց ծեծկռտուք, մեղադրյալի ուղղությամբ նետվեցին հեռախոս, ջրի շիշ, բանալիներ, հնչեցին հայհոյանքներ։ Նախագահող դատավոր Գագիկ Հարությունյանը հայտարարեց ընդմիջում, իսկ սպանության հետևանքով ծնողներին կորցրած Էրիկ Ղազարյանի համար շտապօգնություն կանչեցին, նիստի վերսկսումից հետո տուժողի օրինական ներկայացուցիչը չվերդարձավ նիստերի դահլիճ։ Մյուս տուժողի՝ Վահե Մարտիրոսյանի տարեց մայրը՝ Դիանա Մարտիրոսյանը, ևս վրդովված էր, արդարություն էր պահանջում, պարբերաբար շեշտում, որ եթե Հովակիմյանի նպատակը եղել է ավտոմեքենան, ապա ինչու՞ է սպանել իր որդուն, «թող օդ կրակեր», «տղաս ուրախ, բարձր տրամադրությամբ տանից դուրս էր եկել, դիակը բերեցին»,- նիստի ընդմիջման ժամանակ պարբերաբար հայտարարում էր տիկին Մարտիրոսյանը՝ հուզմունքը դժվարությամբ զսպելով։ Մեղադրյալն էլ, ով խոստովանել էր սպանությունը, ընդմիջմանը պնդում էր՝ ինքը չի կրակել։

Դատական նիստի վերսկսումից հետո մեղադրյալի հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը, ով ևս հայտնվել էր լարված իրավիճակի կիզակետում և հուզված էր, միջնորդեց նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ պնդելով, թե առկա են մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև բարձրացրեց նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի հանգամանքը։

«Ես բոլորի ցավը հասկանում եմ, վիշտը հասկանում եմ, բայց իմ պաշտպանյալի փոխարեն ես չէ, որ պետք է ներողություն խնդրեմ, մինչ այդ մենք չենք ունեցել նման իրավիճակ, իրավիճակը եղավ, երբ նրա հարազատները դահլիճում էին»,- ասաց Բաղդասարյանը։

Նախորդ դատական նիստում, նշենք, քննարկվում էր՝ ապացույցները հետազոտված համարելու հարցը, սակայն տուժող կողմն առարկել է՝ պնդելով, որ պետք է հարցաքննվեն վկաները։ Տուժող Մարտիրոսյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դատարանն ավելի վաղ որոշում կայացրել է՝ նիստերի լուսաբանման համաձայնության վերաբերյալ, ինչ վերաբերում է անվտանգային հարցին, ապա այդ առումով կան պատշաճ գործիքներ։ Խուդոյանն առարկեց գործի քննությունը դռնփակ անցկացնելու միջնորդությանը՝ արձանագրելով հրապարակայնության կարևորությունը։ Սպանված ամուսինների ներկայացուցիչ Գոռ Ալոյանը, սակայն, դեմ չէր դռնփակ ռեժիմով գործի քննությանը։ Մեղադրող Անդրանիկ Շահբազյանն էլ նշեց, թե դռնփակ պետք է անցկացվի՝ անվտանգային հարցով պայմանավորված։ Այս առումով, սակայն, նախագահողը հարց ուղղեց՝ հիշատակելով ոչ թե դռնփակության, այլ՝ նիստերի դահլիճում կողմնակի այլ անձանց մուտքի սահմանափակումների հարցը, միևնույն ժամանակ, գոյություն ունի պաշտպանության միջոցներ, այսինքն՝ անվտանգությունն ապահովեն ոստիկանները։
Նախագահողի հարցին՝ վարույթի ինչն է գաղտնի, եթե անվտանգային չէ հարցը, ինչն են թաքցնում հասարակությունից, որ անբարենպաստ իրավիճակ չառաջանա՝ Բաղդասարյանը նշեց՝ տուժողի հետ փոխհարաբերությունները։

«Տուժող կողմը խնդրում է հրապարակային դատավարություն իրականացնել, որ հանրությունն իմանա, թե, ըստ տուժող կողմի, ինչ չարիքներ կան, մյուս կողմը գտնում է, որ պետք է դռնփակ անցկացվի»,- ասաց նախագահողը՝ նշելով, որ պետք է գնահատել՝ որ մասն է գաղտնի, որը՝ ոչ։

Դատավորը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել և յուրաքանչյուր նիստին, ըստ այդ օրը դատարան ներկայացած վկաների, որոշել՝ նիստը դռնփակ կանցնի, թե ոչ։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, ապա սպանել նաև մյուս զույգին։
Ընդ որում՝ տուժողներից մեկը բնակվում էր արտերկրում և վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրը ծանոթի հետ գնացել էր բնության գրկում հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո Հովակիմյանը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ եղել է ցուցակ, որտեղ ընդգրկված են եղել այն անձինք, որոնց սպանությունը նա նպատակադրված էր իրականացնել։

60-ամյա տղամարդը ձերբակալվել էր և տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել էր ավտոմեքենայում։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ 2 դրվագով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն)՝ 2 դրվագով, ինչպես նաև 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակություն)։

Կիսվեք ձեր էջում