ՄամուլՏեսանյութ

Հայտնի է՝ երբ կարելի է որդեգրել Հալբյանում հայտնաբերված երեխային

Եթե երեխան համարվում է գտնված ընկեցիկ, ապա երեխային հայտնաբերելուց հետո փաստացի հայտնաբերած համայնքի սոցիալական աշխատողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և ոստիկանություն ուղարկել հարցում՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով վերջերս փողոցում հայտնաբերված նորածին երեխայի ճակատագրին։

«Ոստիկանությունը երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ պատասխանը ներկայացնում է հարցումը ստանալուց հետո, ոչ շուտ, քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4 ամսվա ժամկետում։ Երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ այդ տեղեկատվությունը ստանալուց հետո միայն երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա։

Հետևաբար, երեխայի ծնողներին հայտնաբերելու այս փուլը կարող է տևել 3-4 ամիս, իսկ որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու այս գործընթացը կախված է նաև այդ փաստաթղթավորումից և օրենսդրությամբ սահմանված հաշվառման ընթացակարգերի իրականացումից հետո»,–ասաց նա։

Ստեփանյանի խոսքով, նախ իրականացվում է երեխայի փաստաթղթավորումը, անձնական գործի կազմումը, օրենսդրությամբ սահմանված տարածքային և կենտրոնացված հաշվառման գործընթացները և երեխայի տվյալների մուտքագրումը համապատասխան տեղեկատվական համակարգ։

Նա նկատեց, որ երեխայի ևորդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է այն պարագայում, երբ որդեգրել ցանկացող անձը հաշվառված է որպես որդեգրել ցանկացող անձ, ստացել է երեխա որդեգրելու հնարավորության վերաբերյալ դրական եզրակացություն և գտնվում է հաշվառման մեջ։

Հարցին՝ ««Մանուկ» տեղեկատվական համակարգում այս պահին քանի հոգի կա, որոնց ցանկանում են փոքրիկ Սոսեին որդեգրել, Արևիկ Ստեփանյանը պատասխանեց. «Ներկա դրությամբ որպես որդեգրել ցանկացող անձ «Մանուկ» տեղեկատվական համակարգում հաշվառված է 108 անձ և և 268 երեխա, որպես որդեգրման ենթակա երեխա։

Տեղեկատվական համակարգում մուտքագրվում են որդեգրման ենթակա երեխաների տվյալները և մուտքագրվում են այն քաղաքացիների տվյալները, որոնք ցանկություն են հայտնել որդեգրել երեխային։

Այդ բազան է, որտեղ արդեն համադրման արդյունքում կազմակերպվում է օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի համադրումը։

Տվյալ դեպքում ձեր կողմից նշված փոքրիկի տեսակցության համադրումը դեռևս չի իրականացվում, օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ են իրականացվում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա են հայտնաբերել։ Նորածին աղջկան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։ 

Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում