Մարմարաշենում 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Գ․-ին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վիրահատարանում մահացել է։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանել է վրաերթի ենթարկվածին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


