Զինված տղամարդը թալանել է դեսպանի թիկնապահին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ զինված տղամարդը հարձակվել է Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի լեյտենանտի վրա և գողացել նրա ժամացույցը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Franceinfo հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազության իրազեկ աղբյուրներին։
Նշվում է, որ զինված կողոպուտի զոհ է դարձել Ֆրանսիայում Սաուդյան Արաբիայի դեսպանի թիկնապահը։ Փարիզի փողոցներից մեկում անհայտ տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել բռնել պարանոցից, սակայն թիկնապահին հաջողվել է ազատվել։ Դրանից հետո հարձակվողը մարզաշապիկի տակ թաքցրած ատրճանակն է ցուցադրել։
Միջադեպի հետևանքով Սաուդյան Արաբիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցը կորցրել է արծաթե Cartier ժամացույցը։
Հանցագործությունից հետո հարձակվողը կարողացել է լքել դեպքի վայրը, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել է Փարիզի մերձակայքում։


