Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհը մարելուց հետո դուրս են բերել քաղաքացու դի
Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ Բաղրամյան փողոցի վերջնամասում, վագոն-տնակ է այրվում, և նախնական տեղեկություններով՝ ներսում մարդ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանի գլխավորությամբ։
Փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարելով վագոն-տնակում բռնկված հրդեհը՝ այտեղից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու և մոտեցրել շտապօգնության բժիշկներին, սակայն բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել ծխահարման հետևանքով։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
© https://shamshyan.com/hy/article/2026/08/23/1311502


