Մամուլ

Երևանում բարձրահարկ շենքի բակում ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել

Այսօր՝ օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ի վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է։

Կիսվեք ձեր էջում