Մամուլ

«Բրավոյի Կարենի» ինքնաuպանությունից մեկ տարի անց․ ի՞նչ է պարզվել

Մեկ տարի առաջ այս օրը ինքնասպան էր եղել «Կապիտալ Բիլդ»-ի սեփականատերերից Կարեն Գասպարյանը․ մինչ օրս հարցերի պատասխանները չկան

Նրան գտել էին ավտոկայանատեղիում՝ մեքենայի դռները փակ, զենքը ձեռքին։ Ինչո՞ւ․ մինչ օրս այս հարցի պատասխանը չկա։ Քննությունը Քննչական կոմիտեում շարունակվում է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարցաքննել են ինքնասպան եղած գործարար «Բրավո Կարենի»-ի հարազատներին, կնոջը, վարորդին։ Քրեական վարույթով նշանակվել է փորձաքննություն։

Արդեն մեկ տարի է անցել գործարարի առեղծվածային ինքնասպանության դեպքից, և մինչ օրս հիմնական հարցի պատասխանը չկա․ ինչո՞ւ պետք է գործարարը գնար այդ քայլին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 18-ին ինքնասպան էր եղել «Կապիտալ Բիլդ» ընկերության սեփականատերերից, գործարար Կարեն Գասպարյանը, ով առավել հայտնի է Բրավոյի Կարեն։ ArmLur.am-ն առավոտյան արդեն դեպքի վայրում էր։

Նախնական տվյալներով՝ ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանը վերջին շրջանում շատ տխուր է եղել։ ArmLur.am-ի հետ զրույցում նրա հարևանները պատմել էին, որ անգամ այնքան մտազբաղ է եղել, որ երբեմն չի բարևել հարևաններին։

Շենքի բնակիչների խոսքով՝ գործարարին առաջինը ինքնասպան վիճակում գտել է նրա վարորդը, որը ոստիկանության նախկին աշխատակից Անդրանիկ Խոջոյանն է։

Ըստ նրանց՝ վարորդը զանգահարել է գործարարին, նա չի պատասխանել, որից հետո մտել է ավտոկայանատեղի, բացել է դարպասները, տեսել, որ մեքենան տեղում է, ու կրկին ավտոկայանատեղիի դուռը փակել և գնացել է՝ չպատկերացնելով, որ գործարարը մեքենայի մեջ կարող է անշնչացած լինել։

Անցել է 2 ժամ։ Գործարար Կարեն Գասպարյանի վարորդը կրկին վերադարձել է Դեմիրճյան 1 շենք, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր գործարար Կարեն Գասպարյանը։ Կրկին բացել է ավտոկայանատեղիի դարպասները և մոտեցել մեքենային, որից հետո շենքում լսվել են բղավոցի ձայներ․ «Էս ինչ արեցիր, այս ինչ արեցիր»։

Բրավոյի Կարեն

Շենքի բնակիչների պատմելով՝ իրավապահները, երբ եկել են դեպքի վայր, անմիջապես տեսախցիկներն են ստուգել, և տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարար Կարեն Գասպարյանը միայնակ մտնում իր ավտոկայանատեղի, փակում կայանատեղիի դարպասները, նստում մեքենան, փակում դռներն ու լուսամուտները, ապա կրակոցով սպանում իրեն։

Բնակիչների խոսքով՝ երբ նրան գտել են անշնչացած վիճակում, չեն կարողացել բացել մեքենայի դռները։ Վարորդը գնացել է, տնից բերել մեքենայի պահուստային բանալիները և բացել մեքենայի դռները՝ գտնելով նրան մի քանի ժամ մահացած վիճակում։

Նշենք, որ գործարարն ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ 13-ամյա տղա և 20-ամյա աղջիկ։ Բնակիչների խոսքով՝ նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում, և առեղծված է, թե ինչու պետք է Կարենը գնար այդ քայլին։

Կիսվեք ձեր էջում