Մամուլ

Կրակոցներ՝ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Կիսվեք ձեր էջում