Մամուլ

19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու պատճառով

Թայվանում 19-ամյա աղջիկը դանակահարել է իր 15-ամյա եղբորը՝ համակարգչային խաղի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, հայտնում է Mothership-ը։

Դեպքը տեղի է ունեցել, երբ քույրն ու եղբայրը տանը միայնակ են եղել։ 15-ամյա տղան ընկերների հետ տեսախաղ էր խաղում և նրանց հետ շփվում ձայնային կապի միջոցով։

Խաղի ընթացքում նա սկսել է ավելի բարձր խոսել, ինչը, ըստ հաղորդման, զայրացրել է քրոջը։

Շուտով նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է բռնությամբ։ Նախնական տվյալներով՝ աղջիկը վերցրել է խոհանոցային դանակը և հարվածել եղբորը պարանոցի հատվածում։

Վիրավորված դեռահասը կարողացել է հասնել հարևանությամբ գտնվող խանութ, որտեղ աշխատում էր նրանց պապը։

Վերջինս անմիջապես ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկների տեղեկացմամբ՝ նրա վիճակը ներկայումս կայուն է։

19-ամյա աղջիկը ձերբակալվել է։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Կիսվեք ձեր էջում