Մամուլ

«Երեխան ծառերի ու արմատների տակ էր, գտել եմ՝ երեխայի թաթիկին կպնելով»․ ջրասուզակը մանրամասներ է հայտնում

Հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը այսօր առավոտյան՝ մոտ 09։30-ի սահմաններում, հայտնաբերվել է Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 500 մետր հեռավորության վրա, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ գտնելու նրա 13-ամյա քրոջը՝ Նարինե Մարտիրոսյանին։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ գետում հայտնաբերված երեխայի մարմինը դուրս է բերել Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից երկու անչափահաս՝ 7 և 13 տարեկան քույրեր, դուրս են եկել և չեն վերադարձել նախատեսված վայր։

Վանաձորի բնակիչները «Ազատությանը» պատմել էին, որ գետի հակառակ ափին գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ օգտվում են դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակից։

Չնայած մոտակայքում կա նաև հետիոտնային կամրջակ, շատերը նախընտրում են անցնել մոտ 15 մետր երկարությամբ այդ խողովակով՝ ճանապարհը կարճացնելու համար։

Հստակ չէ՝ ինչ պատճառով երեխաները չեն օգտվել հետիոտնային կամրջից։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ նա խոսել է երեխաների մոր հետ, և վերջինս նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ նրանք անցել են խողովակի վրայով, սակայն ինքը զգուշացրել է այլևս չօգտվել դրանից։

Խորհրդային տարիներին սկսված վերգետնյա կամրջի կառուցումը այդպես էլ չի ավարտվել, և այն երկար տարիներ մնացել է անավարտ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում