Մամուլ

Նրա ձեռքում եղել են մահացածի մազերը․Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանը դատարան միջնորդություն է ներկայացնելու՝ Երևանի 21-ամյա բնակիչ Հայկ Ղ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու համար։

Նա ձերբակալվել է մայիսի 22-ին՝ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան վարելու և այդ մեքենայով Երևանի 22-ամյա բնակիչ Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու կասկածանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը պետք է որոշի՝ կբավարարի քննիչի միջնորդությունը, թե ոչ, իսկ քննչական բաժինը աշխատում է մի քանի վարկածի ուղղությամբ՝ սպանություն կամ ինքնասպանության հասցնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային և հետքաբանական։

Հաստատվել է նաև տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։

Կիսվեք ձեր էջում