Ինձ վիճակվեց քեզ ունենալ մինչև 12 տարեկան. հետո ընդմիշտ Հայոց բանակինն էիր. քրոջ շնորհավորանքը` հրամանատար եղբորը
Լրագրող Նանե Արզումանյանը շնորհավորել է հրամանատար եղբոր երկնային ծննդյան տարեդարձը` գրելով.<<Շնորհավոր երկնային ծնունդդ, Հրամանատար![]()
![]()
Նամակներ ունեմ՝ աշխարհից թաքուն…
Գրում եմ ու վստահ եմ՝ կարդում ես։
Ինձ վիճակվեց քեզ ունենալ ընդամենը մինչև 12 տարեկան։ Հետո և միշտ դու արդեն Հայոց բանակինն էիր։
Ամեն ասածդ ամեն օր հնչում է ներսումս.երևի գիտեիր՝ ինչու էիր ինձ այդքան մանրակրկիտ սովորեցնում կյանքը՝ դպրոց տանող ճանապարհին։
Հաճախ եմ լսում, թե չեմ կարողանում ապրել, թե սառն եմ՝ նույնիսկ ամենադաժան պահերին։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում՝ քեզ կորցնելուց հետո
մարդը կամ մեռնում է, կամ սովորում է մեռած ապրել։
Ես կամ… ու միաժամանակ՝ չկամ։ Եվ այս ցավը լուծում չունի։
Ամեն ինչ կարծես իր տեղում է, բայց այս անտեր կարոտը… Հիմա 47 տարեկան կլինեիր, ու ես կվազեի քեզ մոտ՝ ոչինչ չասելու համար։ Պարզապես կնստեի կողքիդ… ու այդ ուժը կզգայի, որից հետո կթվար՝ աշխարհին հաղթել եմ։
Հիշում եմ, թե ինչքան երջանիկ էի աշխարհի ամենաբարձր կետում՝ քո ուսերին։ Ինչպես էիր նկուղներով, արկերի տակով, ինձ ամուր գրկած անցկացնում, որ անգամ ուսս պատին չդիպչի։ Հիմա էլ նույն պաշտպանությունը զգում եմ՝ անբացատրելի, բայց իրական։
Գիտես՝ ոչինչ չի փոխվել։ Էլի քո տված ուժով եմ առաջ գնում։ Միայն թե քեզանից հետո մարդիկ շատ հեշտ են փոքրանում ու վաճառվում… ու նույն չափով փորձում են մեզ չափել։ Չեն հասկանում, որ հանուն հայրենիքի զոհվում են, իսկ հանուն արժանապատվության ու սկզբունքների՝ լռում։
Ես լռում եմ, քանի որ դու ինձ սովորեցրել ես՝
խոսքը հնչում է միայն այն ժամանակ,
երբ այն ուժ ունի կանոնները փոխելու. մնացածն աղմուկ է։
Ու ես ապրում եմ այնպես, որ միշտ արժանի մնամ քեզ ունենալուն…>>


