Հերթական կրակոցները՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Դեպքի մասին Երևանի քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


