Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում․ Հակոբ Ասլանյան
«Իրավունք» թերթը գրում է․ «Առավել քան համոզված եմ, որ Նիկոլի եւ Աննայի բաժանությունը ՔՊ-ի քաղաքական խաղի մաս է, ինչո՞ւ․ որովհետեւ նրանց հիմա առավել քան երբեւէ պետք է ուշադրության կենտրոնում մնալ, լինել առաջնագծում, ու կապ չունի ինչպես։ Այնպես որ կարծում եմ, որ սա քաղաքական լուրջ խաղ է, որից լավ հոտ չի գալիս,-անդրադառնալով Աննա-Նիկոլ զույգի հանրային բաժանմանը, նման տեսակետ «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ընդգծելով․
-Սա մեկ անգամ եւս փաստում է, որ Փաշինյանը ոչինչ չի խնայում՝ անգամ ընտանիքը, նրան պետք է վերընտրվել ցանկացած գնով։ Ինքս ժամանակին հավատացել եմ նրանց, ու կանգնել նրանց կողքին, ես չեմ գնացել որեւէ միտումով՝ 66-67 տարեկան մարդը չէր կարող գնալ ամբիցիաների հետեւից, ես գնացել եմ գաղափարի համար։ Նա նույն ձեւերով հավատ էր ներշնչում, որ նրա նպատակները ազնիվ են, բայց ժամանակի ընթացքում ինքը սպառվեց, եւ մենք հասկացանք, որ նրա համար միայն մի սուրբ նպատակ կա՝ ամեն գնով լինել իշխանության գլխին։
-Պարոն Ասլանյան, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի ու նրա Կառավարության անդամների ժպիտով պերաշկի ուտելը՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ հարեւան բարեկամական երկրում պատերազմ է, երբ անմեղ երեխաներ են զոհվում, նա չի՞ գիտակցում, թե՞․․․
-Սա ցույց է տալիս, որ Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում։ Այո՛, շատ ճիշտ եք, այսօրվա դրությամբ մեր երկրի նկատմամբ ամենադրական մոտեցում ունեցող պետությունը կանգնած է լրջագույն, համաշխարհային մաշտաբով խնդիրների առաջ։
Ու այս իրավիճակում, փոխանակ նա հավաքեր ողջ կառավարությունը, ԱԺ-ն՝ քննարկեր, թե ինչ դիրքորոշում պետք է ցուցաբերի ՀՀ-ն եւ այլն՝ գնացել բերանը բաց պերաշկի է ուտում, ինչ ասեմ՝ մալադեց իրեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս պատերազմը այն աստիճանի հասնի, որ Ալիեւի առաջարկով մի քանի հազար ադրբեջանցի Ատրպատականից փախուստով գան լցվեն մեր երկիր»։


