Մայր Աթոռի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը
Մայր Աթոռում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարվող արշավը ներսից ստանում է ահագնացող ընթացք։
Այսպես, նախորդող կիրակիներին Նիկոլ Փաշինյանին փաստացի միացան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն ու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը, գրել է 24News-ը։
Եթե Աբրահամ սրբազանի պարագայում հայտնի էին նրա ու Վեհափառի լարված հարաբերությունները, ապա Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պահվածքը շատերի մոտ զարմանք և նաև դավաճանության զգացողություն առաջ բերեցին այն պարզ պատճառով, որ վերջինս Կաթողիկոսի կողմից ընդունվել է իբրև «տան տղա», մարդ, որն ընկերական մտերիմ հարաբերություններ է ունեցել Վեհափառի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ, որն այս պահին կալանավորված է։
Կայքի տեղեկությունների համաձայն՝ Գևորգ եպիսկոպոսի հարազատ եղբայրը ՌԴ-ում քահանա է, ով մոտ տաս օր առաջ հատուկ եկել է Հայաստան, որպեսզի իր սրբազան եղբորը համոզի հետ կանգնել Կաթողիկոսին թիկունքից խփելու ոչ պատվաբեր առաքելությունից, սակայն վերջինս մնացել է անհաղորդ։
Ավելին, Գևորգ սրբազանն իր մտերիմների շրջանում գլուխ է գովացել, թե իր այս քայլով հաջորդ կաթողիկոս լինելու մեծ հնարավորություն ունի, ինչն էլ ոչ միանշանակ է ընդունվել զրուցակիցների կողմից։
«Հետաքրքրական է, որ Գևորգ եպիսկոսպոս Սարոյանի ու կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երրորդ մտերիմ ընկերը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի արդեն նախկին դեկան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ Վերջինիս ԵՊՀ-ի դեկանի պաշտոնից դուրս հանեցին միայն այն բանի համար, որ մասնակցել էր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին։ Դեռ այն ժամանակ էր 24News-ին հայտնի, որ նա ամեն կերպ փորձել էր մնալ պաշտոնում, զանգել էր ՔՊ-ական որոշ պաշտոնյաների, հիշեցրել, որ ինքն է արել իրենց հարազատներից մեկի հուղարկավորությունն ու խնդրել, որ իրեն թողնեն շարունակել պաշտոնավարել, սակայն պատասխանը միանշանակ է եղել՝ «ձև չկա, պտի գնաս»։
Այս նույն Անուշավան սրբազանն այս կիրակի պատրաստվում է պատարագ անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչում մեկ այլ ոչ անհայտ հոգևորականի՝ Մերձբալթյան թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ, որը հայտնի դարձավ ոչ միայն անձնական սկանդալով՝ տեղի ունեցած Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի եվրոպական քաղաքականությունն օրհնելով։
Երբ ուսումնասիրում ենք համացանցի մերձքպական էջերը, գրեթե պարզ է դառնում, որ այդ կիրակի այնտեղ է լինելու նաև ողջ իշխանական վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչից հետո էլ փաստացի այս հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնելու օրվա ռեժիմին։
Ստացվում է, որ այս պահին Գևորգ ու Աբրահամ սրբազաններից բացի Վեհափառի դեմ դավադրության մասնակից են նաև Անուշավան ու Վազգեն սրբազանները, կան նաև այլոք, որոնց անունները կհնչեն առաջիկայում»։



