2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը․ տուգանքը՝ 100-150 հազար դրամ
«Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի»:
Այս մասին Կառավարության նոյեմբերի 14-ի նիստին հայտնել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով թեմային առնչվող նախագծի փաթեթ՝ միաժամանակ նշելով, որ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն արդեն իսկ ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին:
«Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա: Սա փաստացի գործող կարգավորում է: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները:
Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,- նշել է նա:
Սահմանված արգելքները խախտող տնտեսավարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին անգամ՝ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100-150 հազար դրամ տուգանք: Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ տուգանքը նախատեսվում էր 30-100 հազար դրամ: Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ:
Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը, ըստ նախարարի, ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի: Այն համահունչ է նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելելու է շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը:
Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս թեմայով պետք է հանրային իրազեկման արշավներ անել: Ամենօրյա ռեժիմով աշխատանք պետք է կատարվի տնտեսավարողների հետ, և եթե անհրաժեշտ է, պետք է նաև աջակցության ծրագրեր իրականացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս, ըստ Փաշինյանի, սովոր ենք աշխատել, ապրել պլաստիկի հետ:
«Այն, որ այս խնդիրը մեր երկրի համար վաղուց հասունացած է, մենք բոլորս տեսնում ենք՝ նույնիսկ ցանկացած տեղ գնալով: Նույնիսկ մեքենայի պատուհանից է երևում, որ այդ պրոբլեմն արդեն էլ տեղ չկա, էնքան ահագնացող է»,- նշել է վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին կարծիք է հայտնել, թե խնդիրը ռեալ կլուծվի, եթե պլաստիկի արտադրման և ներմուծման դեմ պայքար լինի:



