Փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար. Նիկոլ Փաշինյան
Ինչպես բոլոր պայմանագրերում և համաձայնագրերում, Խաղաղության պայմանագրում ևս ամեն ինչ չէ, որ ներառված է. ի պատասխան ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե «Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի փախստականների հարցն արդյո՞ք արծարծվել է՝ նրանց գույքի, նաև մշակութային ժառանգության առումով»՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է արցախցիներ մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանեց.
«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ մեր փախստական հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում։ Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց, համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի, և մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն էլ մարդիկ հարց են տալիս, թե որքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը. «Ես ուղիղ ասում եմ, որ իրատեսական չեմ համարում։ Փախստականների վերադարձը համարում եմ վտանգավոր խաղաղության համար, որովհետև կոնֆլիկտը սկսվել է թվում է՝ հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։
Իմ ընկալումն այն է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և պետք է կենտրոնանան այս բանաձևի վրա։ Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն և Ադրբեջանը պարզապես պետք է հանգիստ թողնեն իրար ու պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցության և քայլ առ քայլ երկխոսություն սկսելու վրա»։
Նա հույս ունի որ միջազգային հանրությունը ավելի շատ ֆինանսական աջակցություն կցուցաբերի նրանց՝ բնակարանային հարցերի, նաև այլ աջակցող ծրագրեր իրականացնելու համար։