Մամուլ

Արարատի մարզում «Lexus»-ով վթարի է ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալը. կա վիրավոր

Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լևոն Մովսիսյանի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Համբարձումյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արման Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը: 

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մովսիսյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։