Մամուլ

Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդն արգելափակվել է ներսում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ նկատվում է ծուխ: 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդն արգելափակվել է: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից  դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: