Մամուլ

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մուրացան» ծննդատան Honda-ն վթարի է ենթարկվել․ բժշկուհին վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել նորածնին

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան քաղաք տանող հատվածում՝ Հայ Ֆիդայիներ փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla և Honda CRV մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Honda-ն հաշվառված է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հաշվեկշռում և նշված հիվանդանոցի բժշկուհի Մերի Խաչատրյանը մեկնում էր մարզից նորածնին Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Ավտոմեքենայի լուսային փարոսիկները եղել են միացված, երբ նրա ու Toyota-ի միջև ճակատային բախում է տեղի ունեցել։ Վիրավոր բժշկուհին հրաժարվել է բժշկական օգնությունից և մարմնական վնասվածքներով մեկնել է նորածնի տուն, տեղում երեխային ինտուբացրել է և մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել է տվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ հետո բժիշկ Մ․ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց։

«Հրազդան» բժշկական կենտրոն է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել