Ոստիկանական օպերացիա Վահագնի թաղամասում․ բերման ենթարկվածներից մեկը նախկին «օրենքով գող» է
Ոստիկանական օպերացիա Վահագնի թաղամասում․ բերման ենթարկվածներից մեկը նախկին «օրենքով գող» է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի և նույն վարչության ապօրինի թմրաշրջանառության և պոռնկության դեմ պայքարի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Նարեկ Ազարյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյան և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը:
Ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով:
Նշված անձինք քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետների» ուղեկցությամբ, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալներից Հ. Ղազինյանը նախկինում եղել է «օրենքով գող», ով ավելի շատ հայտնի է եղել «Արխանգելսկի Հայկո» մականվամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք եղել են ռուսական համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով, որը նունպես ոստիկանները հայտնաբերել են և այն տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք: