Շոու-բիզնեսՄշակույթ

«Ամենայն հարգանքով մեր մարզիկների նկատմամբ՝ մի հարց ինձ հանգիստ չի տալիս»

«Ամենայն հարգանքով մեր մարզիկների նկատմամբ՝ մի հարց ինձ հանգիստ չի տալիս»

 Օպերետային երգիչ՝ Ակսել Դավեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենայն հարգանքով տարբեր սպորտաձևերը ներկայացնող մեր մարզիկների նկատմամբ, մի հարց, այնուամենայնիվ, ինձ հանգիստ չի տալիս։

Ինչպե՞ս է ստացվել, որ մի քանի վայրկյան հարթակում երևալը ու ծանրություն բարձրացնելը անհամեմատ ավելի մեծ մասսայականություն և հետաքրքրություն վայելող իրադարձություն է մեր հայրենակիցների շրջանում, քան երաժիշտների միջազգային` թե եվրոպական և թե համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթներում (ասել է թե Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում) հանդես գալը։

Դեռ միայն հանդես գալը չէ, անգամ հաղթանակներն են անուշադրության մատնվում։

Օրինակ շատ վոկալիստներ մեր հայրենիքն են ներկայացնում միջազգային ամենատարբեր, ամենահեղինակավոր մրցույթներում։

Ի՞նչ է նշանակում միջազգային վոկալ մրցույթ. երբեմն հարյուր և ավելի մասնակից, մեկի փոխարեն մի քանի օր, տարբեր մրցափուլեր, ամեն մրցափուլում 15-20 րոպեանոց ելույթ, որն էլ իրենից ենթադրում է գեղեցիկ ձայն, ճիշտ վոկալ տեխնիկա, արժանի բեմական կեցվածք, օտար լեզվի ճշգրիտ արտաբերում և այլն։

Եվ այս պայմաններում մերոնք հաղթում են առաջին մրցանակները, կամ այս օրերին ավելի հայտնի տարբերակով ասած “ոսկե մեդալները”, արժանանում են մրցույթը անցկացնող երկրի(և ոչ միայն) հանդիսատեսի ուշադրությանը, գովասանքներին, խրախուսանքներին և այլն…. իսկ մեր հայրենակիցների կողմից հանդիպում են անտարբերություն կոչվող սոսկալի երևույթին։

Էլ չեմ խոսում “արծաթե” և “բրոնզե մեդալներից”։

Ախր, չէ՞ որ այդ ելույթի ընթացքում վոկալիստ կոչվող “մարզիկը” երաժշտությամբ է լցնում դահլիճը, իր կատարումով նոր գույներ, պատկերներ, տեսարաններ է նկարում և ներկայացնում հանդիսատեսին, հույզեր է փոխանցում, երբեմն էլ ամենատարբեր զգացմունքներ է արթնացնում լսողի մոտ։ Նույնն է իհարկե մյուս երաժիշտների դեպքում։

Եվ մի՞թե սա գոնե հավասար հետաքրքիր չէ մի քանի վայրկյանով ծանրություն բարձրացնելու հետ։

Ի դեպ, բարձր նոտաներ երգելն էլ պակաս “ծանրություն բարձրացնել” չէ։

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել այսպես։ Հարցը, իհարկե, հռետորական է, համենայն դեպս ես իմ մտքում ունեմ պատասխանի որոշ տարբերակներ։

Կրկնում եմ, հրապարակումս բնավ մեր մարզիկների կատարած անգնահատելի աշխատանքը նսեմացնելու ոչ մի միտում չունի և չի էլ կարող ունենալ։ Ես միշտ հնարավորինս հետևել, երկրպագել ու երկրպագում եմ մեր հայրենիքը ներկայացնող մարզիկներին, իրենց հետ ոգևորվում եմ, հուզվում եմ, հուսահատվում եմ, հպարտանում եմ:

Փառք, պատիվ և խոնարհում հատկապես նրանց, ովքեր մեր դրոշը բարձր են պահում միջազգային հարթակներում»։

Կիսվել