Մամուլ

Բացահայտվեց առանձնապես ծանր հանցագործություն․ մահվան ելքով միտումնավոր վրաերթից առաջ հնչել են կրակոցներ

Բացահայտվեց առանձնապես ծանր հանցագործություն․ մահվան ելքով միտումնավոր վրաերթից առաջ հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ը ապրիլի 14-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով, երբ գնացքի գծերի վրա հայտնաբերվել էր Volga մակնիշի ավտոեքենա, իսկ նրանից մի քանի մետր այն կողմ տղամարդու դի։ 

Դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փորձում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներին համոզել, որ դեպքը բացահայտված է, տեղի է ունեցել վրաերթ, ինչը տեղում չէին հերքում ո՛չ քննիչները, ո՛չ էլ օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ 

Քննիչներն ու պարեկներն անգամ նշում էին, որ չենք հերքում, որ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով, այլ ունենք կասկածներ, որ սա ոչ թե անզգույշ վրաերթ է, այլ սպանություն՝ վարորդը մեքենան վարել է տղամարդու ուղղությամբ, դիտմամբ վրաերթի ենթարկել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանացագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ քննչական գործողություններ, հերթական անգամ կարողացան ապացուցել, որ իրենք գտնվում են ճիշտ ուղու վրա, ու տեղի ունեցածը սպանություն է։ 

Գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թադևոսյանի գլխավորությամբ՝ քննիչները պարզել են, որ ապրիլի 14-ին, ժամը 00։00-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 108 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա․-ի և Երևանի բնակիչ 44-ամյա Արման Հ․-ի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ փոխադարձ հնչեցվել են հայհոյանքներ, ու Սարգիս Ա-ն իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել։

Դրանից հետո Արման Հ․-ի ազգականը՝ Երևանի բնակիչ 17-ամյա Էրիկ Գ-ն, իր կողմից վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենան դիտավորյալ վարել է Սարգիս Ա.-ի ուղղությամբ, վրաերթի ենթարկել ու ապօրինաբար կյանքից զրկել նրան։ Իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրի մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա, դիմել է փախուստի։ 

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Այս գործը վերաորակվել է ՀՀ ՔրՕրի 155 հոդվածի 1-ին մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ 

Այս գործը կարելի է համարել հանցագործության ամենապրոֆեսիոնալ բացահայտում, որի մեջ իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկան Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 14-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ 

Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ամտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։

Կիսվել