«Գինետուն» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ 22-ամյա որդին չկարողացավ մոլորեցնել քննիչներին․ Toyota-ն վարել է նա ու եղել է ոչ սթափ
«Գինետուն» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ 22-ամյա որդին չկարողացավ մոլորեցնել քննիչներին․ Toyota-ն վարել է նա ու եղել է ոչ սթափ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մարտի 31-ին Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդը դեպքի վայրում այլ անձ է ներկայացել։
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 22-ամյա Սարգիս Ծառուկյանը, ով այդ օրը, ժամը 07։55-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Սասունցի Դավթի փողոցի 31 հասցեի դիմաց գտնվող ծառին և գազատար խողովակին։
Ավտոմեքենայի բեռնախցիկում էլ հայտնաբերվել են ավտոմեքենայի ռուսական 2 տարբեր համարանիշներ։
Վթարի հետևանքով Ս․ Ծառուկյան ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Մկրտիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած քննչական խումբը պարզել է՝ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճան ու հիվանդանոցից հեռացել է։
Եվ միայն քննչական հմուտ գործողությունների արդյունքում է պարզվել իրական վարորդը։ Մինչդեռ դեպքի վայրում Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին և Երևանի գնդի պարեկներին ներկայանում էր մեկ այլ երիտասարդ։
Ու հիմա այստեղ են ասում «Տեսախցիկների այս դարում ու քննիչների օպերատիվության ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում չկարողացան, ժողովրդի լեզվով ասած՝ «կուտ տալ» իրավապահներին»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հորեղբոր՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աճառյան փողոցում գործող «Գինետուն» ռեստորանային համալիրի սեփականատեր Սամվել Ծառուկյանի, տղան է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։55-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ – Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։