Մամուլ

Սպանություն Դիլիջանում․ հարսը շերեփով պարբերաբար հարվածել է սկեսուրի գլխին ու դեմքին

Սպանություն Դիլիջանում․ հարսը շերեփով պարբերաբար հարվածել է սկեսուրի գլխին ու դեմքին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիրյանի, Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ օպերատիվ ճիշտ ու գրագետ գործողությունների արդյունքում բացահայտել են Դիլիջան քաղաքում 1 օր առաջ տեղի ունեցած սպանության դեպք։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 2-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 16։30-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ 

Նշված հասցե են ժամանել Տավուշի մարզի ոստիկանապետը, ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալը, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը։ 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 63-ամյա Վարսենիկ Մ․-ն է։ Իսկ հարազատները բժիշկներին հայտնել են, որ վերջինս որդու և հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Տեղում դատաբժիշկը զնելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ ակնակապճային շրջանում կան կապտուկներ։ Իսկ որդին հայտնել է, որ այդ կապտուկներն առաջացել են մարտի 31-ին տանը վայր ընկնելու հետևանքով։ 

Մահացածի հարազատներին գուցե թվացել է, թե ոստիկանները հալած յուղի նման  են ընդունել իրենց խոսքը։ Մինչդեռ Ոստիկանութան Տավուշի մարզային վարչության ու Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ մահացածի հարազատների հայտնածը իրականությանը չի համապատասխանում, ու ձեռնարկելով անհաժեշտ գործողություններ, Ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխում մահացածի հարսին՝ 40-ամյա Տաթևիկ Մ․-ին, որտեղից էլ նրան ներկայացնում են Դիլիջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի էին։ Հարսը մետաղյա շերեփով պարբերաբար հարվածել է Վարսենիկ Մ․-ի գլխին ու դեմքին, պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

Տաթևիկ Մ․-ն, քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։

Կիսվել էջում