Կաչաչատ Բունդին դատի է տվել ՀՀ նախագահին
Կաչաչատ Բունդին դատի է տվել ՀՀ նախագահին
Hraparak.am-ը գրում է․ Վարչական դատարան հայց է ներկայացրել Կաչաչատ Բունդին, ով դատարանից պահանջում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնել Կաչաչատ Բունդիին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնել։
Ավելի պարզ ասած՝ նախագահը մերժել է Կաչաչատ Բունդիին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումը, վերջինս էլ դիմել է դատարան։ Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։
Մեզ հետ զրույցում Կաչաչատ Բունդիի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանն ասաց, որ հայցվորը ազգությամբ թաիլանդցի է, ծնվել է Թաիլանդի Թագավորությունում, Թաիլանդի քաղաքացի է․
«Ի սկզբանե ապաստան է հայցել Հայաստանից, այնուհետև ստացել է փախստականի կարգավիճակ դեռևս 2018 թվականին։ Հաշվի առնելով Հայաստանում երկար տարիներ բնակվելու հանգամանքը ու նաև այն, որ ներդրումներ է արել Հայաստանում կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում, որպես ավանդ ունեցող անձ դիմել է քաղաքացիություն շնորհելու համար, որպեսզի նախագահը քաղաքացիություն շնորհի»,- ասաց փաստաբանը։ Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել քաղաքացիության տրամադրումը, Աշխեն Դաշյանը պատասխանեց․
«Պրակտիկայում նախագահի կողմից հրամանագիրը բովանդակությամբ շատ կարճ է լինում, և այնտեղ որևէ պատճառաբանություն չի լինում, ուղղակի նշվում է, որ մերժվել է։ Սակայն քաղաքացիության շնորհման կամ մերժման համար անհրաժեշտ է մի շարք մարմինների եզրակացությունը՝ ԱԱԾ, ոստիկանություն, վարչապետի կողմից առաջարկ է ուղարկվում և այլն:
Այս վարույթում մենք հասկացանք, որ ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտել քաղաքացիության շնորհումը, իսկ վարչապետի կողմից նախագահին քաղաքացիությունը տրամադրելը մերժելու նախագիծ է ուղարկվել, նախագահն էլ մերժել է։
Այսինքն՝ նախագահը ընդունել է նախագիծը, որը վարչապետը ուղարկել է։
Նախագահականի տեսակետն այն է, որ իրենք չեն կարող այլ բան անել, քան հաստատել ու ընդունել հրամանագրի նախագիծը, այսինքն՝ վարչապետն ինչ պահանջ որ ներկայացնում է, իրենք այլ բան չեն կարող անել, քան հաստատելը, ինչը, իհարկե, սխալ է, որովհետև նմանատիպ գործերով ՀՀ նախագահն ունի նաև այլ լիազորություն, նա կարող էր առարկություններով հետ վերադարձնել, խնդրի դեպքում ՍԴ դիմել»,- պատասխանեց Փաստաբանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում