Սպանություն Գավառի տներից մեկում. կասկածյալը մի քանի անգամ դատապարտված են եղել
Սպանություն Գավառի տներից մեկում. կասկածյալը մի քանի անգամ դատապարտված են եղել
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Էդվարդ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել է դանակահարված, մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեից։
Տեղում պարզվել է, որ նշված տունը պատկանում է Գավառի բնակիչ 42-ամյա Սարգիս Մ․-ին։ Տունը, որը երկհարկանի է, 1-ին և 2-րդ հարկերի տարբեր սենյակներում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրա արդյունքում ստանալով օպերատիվ տեղեկություններ, պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում Գավառի բնակիչ 48-ամյա տղամարդը (նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում) կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Հ․-ի հետ, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նա մահացել է։
Կասկածյալը տաք հետքերով հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեզարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանության կակածանքով ձերբակալվածը նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված։