Հանգիստ, կիրթ տղա է․ ի՞նչ է պատմում աներոջն ու զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը
Հանգիստ, կիրթ տղա է․ ի՞նչ է պատմում աներոջն ու զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը եւ զոքանչին, վիրավորել աներձագին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը։
«Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Լաերտը շատ հանգիստ, կիրթ տղա է։ Մենք չենք հասկանում՝ ինչու նման բան կատարվեց»,- նշեց գյուղապետը։
Գյուղապետը պատմեց, որ եւ փեսայի, եւ կնոջ ընտանիքներ նույն գյուղից են։ Փեսայի ծնողները դպրոցում ուսուցիչներ են եղել․ հայրը՝ ֆիզիկայի, մայրը՝ մաթեմատիկայի։ Ինքն էլ իր տան բակում մթերային խանութ է ունեցել, կինն էլ խանութում է աշխատել։
«Կնոջ ծնողները եւս շատ հանգիստ ու լավ մարդիկ էին։ Հայրը շինարար էր, մայրն էլ ուսուցիչ։ Կնոջ ընտանիքի հետ փեսայի հարաբերությունները լավ էին։ Նույնիսկ, երբ աները Ռուսաստանում շինարարությամբ էր զբաղվում, փեսայի անունով էր ուղարկում գումարը, ինքն էլ հանձնում էր կնոջ ընտանիքին»,- ասաց Մկրտչյանը։
Կնոջ եղբայրն էլ զբաղվում է անասնապահությամբ, երեք որդի ունի։
Դեպքի օրը հարեւանները վիճաբանության ձայներ չեն լսել, կրակոցների ժամանակ են դուրս եկել տներից։
«Այդ ժամանակ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Արագ օգնում էինք շտապ օգնությանը տեղափոխել վիրավորներին։ Ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Ես մեկ անգամ եմ հիշում, որ Լաերտի ընտանիքում աղմկոտ վիճաբանություն լինի կնոջ հետ․ մեկ տարի առաջ էր, բայց շատ արագ հարթվեց»,- ընդգծեց Գրիգոր Մկրտչյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում