«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «մարդկությունը փորում է իր գերեզմանը»՝ անտեսելով կլիմայի հարցերը, և դա կհանգեցնի աղետի, հաղորդում է CNN-ը:
«Մենք կանգնած ենք խիստ ընտրության առջև. կամ մենք կկանգնեցնենք այդ գործընթացը, կամ այն մեզ կկանգնեցնի։ Ժամանակն է ասել՝ բավական է։
Հերիք է ծաղրել կենսաբազմազանությունը, բավական է սպանել մեզ ածխածնով, բավական է բնությանը վերաբերվել որպես աղբահորի, բավական է այրել, փորել և հորատել, չէ որ, մենք փորում ենք մեր սեփական գերեզմանները», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովում:
Գուտերեշը նշել է, որ վերջին վեց տարիները ամենաշոգն են դարձել դիտարկումների պատմության մեջ։ Հիմնական կլիմայական խնդիրների թվում են ծովի մակարդակի արագ բարձրացումը, օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացումը, ջերմոցային գազերի քանակի ավելացումը:
«Աշխարհը շարժվում է ջերմաստիճանի աղետալի բարձրացման՝ ըստ Ցելսիուսի 2,7 աստիճանով։ Մենք շտապում ենք կլիմայական աղետի։ Նույնիսկ օպտիմալ սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի անդառնալի փոփոխությունները կանխելու համար։